Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է դասընթացներ ինչպես դպրոցների աշակերտների, այնպես էլ քոլեջների և համալսարանների ուսանողների համար։
Դասընթացը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալ Հաշտարարի գրասենյակի գործունեությանը, ՀՀ ֆինանսական համակարգին, տեղեկատվություն ստանալ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ բանկային հաշվի, ավանդի, վարկի և ապահովագրության մասին, ինչպես նաև ստանալ հետևյալ հարցերի պատասխանները․ «Ինչպե՞ս պլանավորել ծախսերը և գումար խնայել», «Ինչպե՞ս կատարել ներդրումներ», «Ինչպե՞ս խուսափել զեղծարարություններից և չդառնալ խարդախության զոհ»։
Միջոցառումն իրականացվում է 2011 թվականից։ 2011-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են ավելի, քան 52,000 աշակերտներ և ուսանողներ։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերի մի շարք դպրոցների աշակերտներ այցելում են Գրասենյակ, որտեղ կազմակերպվում է դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, բանկային հաշվի, ավանդի, վարկի, ապահովագրության, խնայողությունների և ներդրումների վերաբերյալ։ Դասընթացի ավարտին միջոցառման մասնակիցները խաղում են մրցութային խաղ, և առավելագույն միավորներ վաստակած թիմի անդամները ստանում են մրցանակ Գրասենյակի կողմից։ Միջոցառման շրջանակում կազմակերպվում է հյուրասիրություն, ինչպես նաև՝ այցելություն ՀՀ կենտրոնական բանկի «Այցելուների կենտրոն» և Մատենադարան կամ Հայաստանի պատմության թանգարան։
Միջոցառումն իրականացվում է 2014 թվականից։ 2014-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են 132 դպրոցների ավելի, քան 5,300 աշակերտներ և 380 ուսուցիչներ։
Ամառային արձակուրդների ընթացքում ոչ դասարանային պայմաններում խաղերի, մրցույթների և ինտերակտիվ սեմինարների օգնությամբ երեխաներին ֆինանսական ծառայությունների վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու և վերջիններիս մոտ ֆինանսական համակարգի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով Գրասենյակի մասնագետները սեմինար-խաղեր են անցկացնում ամառային ճամբարներում, մասնավորապես՝ Հանքավանի «Խոտոր ջուր», «Լուսաբաց», «Հեքիաթային կիրճ», «Արագած», «Հասմիկ» և Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարներում։ Ծրագիրն իրականացվում է գործընկեր կառույցների հետ համատեղ, որոնք թե՛ անմիջական մասնակցությամբ, թե՛ ֆինանսական աջակցությամբ նպաստում են, որ ծրագիրն առավել հետաքրքիր ու հիշարժան լինի երեխաների համար։
Միջոցառումն իրականացվում է 2017 թվականից։ 2017-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են 11-13 տարեկան ավելի, քան 4,800 երեխաներ։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը իրականացնում է հատուկ մշակված ծրագրով ուսումնական պրակտիկա ուսանողների համար: ՄԻջոցառման շրջանակներում ուսանողները հնարավորություն են ստանում ծանոթանալու ֆինանսական համակարգի կառուցվածքին, գործունեությանը և իրավական կարգավորումներին, ստանալու գործնական և տեսական գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության վերաբերյալ, սովորելու վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, այդ թվում՝ հաշտարարության և արբիտրաժի մասին։
Միջոցառման ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր և խրախուսական նվերներ Գրասենյակի կողմից, իսկ լավագույնները պայմանագրային հիմունքներով ընդունվում են աշխատանքի Հաշտարարի գրասենյակում։
Միջոցառումն իրականացվում է 2018 թվականից։ 2018-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են 68 ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է եռօրյա «Ֆինանսական ճամբար» ՀՀ մարզերում։ Ճամբարի ընթացքում անցկացվում է դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, ՀՀ ֆինանսական համակարգի, ֆինասնական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, խնայողությունների, ներդրումների, ժամանակաի կառավարման հմտությունների և էմոցիոնալ բանականության մասին։ Դասընթացներից հետո մասնակիցները խաղում են տրամաբանական և ֆինանսական տարբեր խաղեր, դիտում են տեղեկատվական հոլովակներ՝ ամրապնդելով ճամբարում ստացած գիտելիքները։ Ճամբարի ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր և խրախուսական նվերներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։
Միջոցառումն իրականացվում է 2021 թվականից։ 2021-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են 15-18 տարեկան ավելի, քան 500 աշակերտներ։
Ուսանողների կողմից բանկային և ապահովագրական իրավունքի նկատմամբ հետաքրքրության բարձրացման և տվյալ ոլորտի խորը ուսումնասիրման նպատակով Հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպվում է դատախաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցում են ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողնները՝ իրենց կողմից ձևավորված խմբերով։ Մրցույթը բաղկացած է երկու փուլերից՝ գրավոր և բանավոր։ Խմբերի կողմից ներկայացված գրավոր աշխատանքները և բանավոր լսումների ընթացքում հնչեցված դիրքորոշումները գնահատվում են հաշտարարների՝ որակավորված իրավաբանների կողմից։ Գնահատականների հիման վրա որոշվում է հաղթող թիմը, ինչպես նաև ընտրվում են գրավոր փուլում «Լավագույն պահանջ-դիմում» և «Լավագույն պատասխան» ներկայացրած թիմերը և բանավոր լսումների արդյունքում «Լավագույն բանախոս» անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցը։
Միջոցառումն իրականացվում է 2017 թվականից։ 2017-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են ավելի, քան 100 ուսանոնղներ։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է դասընթացներ կանանց համար։
Դասընթացը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալ Հաշտարարի գրասենյակի գործունեությանը, ՀՀ ֆինանսական համակարգին, տեղեկատվություն ստանալ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ բանկային հաշվի, ավանդի, վարկի և ապահովագրության մասին, ինչպես նաև ստանալ հետևյալ հարցերի պատասխանները․ «Ինչպե՞ս պլանավորել ծախսերը և գումար խնայել», «Ինչպե՞ս կատարել ներդրումներ», «Ինչպե՞ս խուսափել զեղծարարություններից և չդառնալ խարդախության զոհ»։
Միջոցառումն իրականացվում է 2021 թվականից։ 2021-2022թթ ընթացքում միջոցառմանը ներկա են եղել ավելի, քան 400 մասնակիցներ։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը խրախուսում է բնակչության կրթության և սեփական շահերի պաշտպանության նպատակով իրականացվող միջոցառումների կազմակերպումը և ակտիվորեն մասնակցում է գործընկեր կառույցների կողմից իրականացվող տարաբնույթ միջոցառումներին։